Հայաստանում պարենային ապրանքների եւ ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022թ. սեպտեմբերին, 2021թ. սեպտեմբերի համեմատ, թանկացել են 13,7%-ով։ Այս մասին վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։ Համաձայն այդ տվյալների՝ այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ամենից շատ թանկացել են մակարոնեղենը, տավարի միսը, սառեցված ձուկը, պանիրը, միրգը:
Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք տնտեսագետ Սուրեն Պարսյանին. «Աշխարհի բոլոր երկրներում գրանցվում է աննախադեպ բարձր գնաճ։ Էներգակիրների եւ պարարտանյութերի գների կտրուկ աճը նպաստում է սննդամթերքի գների շարունակական աճին։ Հայաստանի սննդամթերքի գնաճի վրա ազդել են ներքին եւ արտաքին գործոններ, հատկապես բնական գազի գնի աճը բորսայում նպաստեց պարարտանյութների աննախադեպ գնաճին։
Այս ամենին տնտեսագետը գումարեց նաեւ դիզելային վառելիքի գնաճը, որը 2022 թ. սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում աճել է 36,2 տոկոսով, ինչպես նաեւ պարարտանյութերի գները։
Սուրեն Պարսյանը հավելեց, որ ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ սեպտեմբերին միայն ալյուրը թանկացել է 15,6 տոկոսով, որն ուղղակի ազդում է ալյուրից պատրաստվող բոլոր ապրանքների գների վրա։ Բացի այդ, այդ տարվա փետրվարի 1-ից թանկացել է էլեկտրաէներգիան, իսկ ապրիլի 1-ից՝ բնական գազը, որը նույնպես նպաստել է հացամթերքի եւ մակրոնեղենի գնաճին:
Շարունակելով թանկացած սննդամթերքի «լավագույն հնգյակը»՝ նշենք, որ պանիրը սեպտեմբերին տարվա կտրվածքով թանկացել է 23,9%-ով։ Տավարի միսը նույն ժամանակահատվածում տարեկան կտրվածքով թանկացել է 22,1%-ով։ Միրգը սեպտեմբերին՝ բերքահավաքի եռուն շրջանում, որ թվում է, թե գներն էապես պետք է իջնեն, ճիշտ հակառակը, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ թանկացել է 21%-ով: Տնտեսագետի դիտարկմամբ, «Զգալի նվազել է անասունների գլխաքանակը, որը պայմանավորված է խոտի թանկությամբ եւ պատերազմական գործողությունների հետեւանքով տարածքային կորուստներով»,-ընդգծեց Սուրեն Պարսյանը։
Ավելի մանրամասն՝ թերթի 14․10․2022թ համարում