Իրանը տվյալներ չունի, որ Իսրայելի հարվածներն Իրանի տարածքի վրա կարող էին իրականացվել Ադրբեջանից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, հայտնում է Sputnik Արմենիան։
«Ես նման տեղեկություններ չունեմ», – ասել է դեսպանը։
Հիշեցնենք` Իրանը ապրիլի 14–ի գիշերը կամիկաձե դրոններով հարձակվեց Իսրայելի վրա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ են արձակվել։
Իրանը հայտարարեց, որ հարձակումը Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտի դեմ ագրեսիայի պատասխանն է և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։
Իսրայելը վստահեցրել էր, որ կպատասխանի Իրանի հարձակմանը։
Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսրայելն այս գիշեր «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, պայթյուններ են գրանցվել Սպահան քաղաքի շրջանում։ Ըստ իրանական «IRIB» պետական գործակալության` երկրի մի շարք նահանգներում ՀՕՊ համակարգեր են աշխատել։ «Tasnim» գործակալությունը հայտարարել է, որ Սպահան նահանգում գտնվող միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են: Իրանցի երեք պաշտոնյաներ «New York Times»-ի հետ զրույցում հաստատել են, որ հարվածների թիրախը Սպահանի մերձակայքում գտնվող ավիաբազան է եղել:
Բացի այդ, հարված է հասցվել նաև Սիրիայի հարավում գտնվող հակաօդային պաշտպանության դիրքերին։ Երկրի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ հարձակման հետևանքով նյութական վնաս է հասցվել: