Հոկտեմբերի 15-ին Սիսիանում կայանալիք նորընտիր ավագանու նիստը, որի օրակարգում նախատեսված էր նաև համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունը, չեղյալ համարվեց՝ քվորում չլինելու պատճառով։ Aravot-ի փոխանցմամբ 21 անդամից նիստին ներկա էր 9 անդամ։
Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ Աննա Կարապետյանի խոսքով, ըստ գործող ընթացակարգի, նման դեպքերում նիստը նույն օրակարգով նշանակվում է հաջորդ օրը։ Սակայն համայնքապետարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ հոկտեմբերի 16-ի նիստը նույնպես հետաձգվեց։ «Հարգելի համաքաղաքացիներ, 2022 թվականի հոկտեմբերի 15-ի համայնքի ավագանու նիստը չկայացավ՝ նիստն իրավազոր չլինելու պատճառով: Հայտարարված հաջորդ նիստը, որը տեղի կունենար 2022 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին, տեղափոխվել է ս/թ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին նույն օրակարգով, «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճում»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Սիսիանում մանդատներից հրաժարվելու հայտարարություն են արել «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան» կուսակցությունները, «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքը, հետևաբար, Սիսիանում չեն բացառվում նոր ընտրությունները։ Հավելենք, որ համայնքապետ Արմեն Հակոբջանյանը հայտարարել է, որ իրենք պատրաստ են արտահերթ ընտրություններին։