ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ պատժամիջոցների օրինագիծ են մշակում Ադրբեջանի 40 պաշտոնյաների նկատմամբ

Օրինագիծը Բայդենի վարչակազմին կոչ է անելու 180 օրվա ընթացքում ԱՄՆ օրենսդրության որոշում կայացնել նշված անձանց խմբի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:

Ամերիկացի կոնգրեսականների խումբը՝ Դինա Տիտուսի գլխավորությամբ, նախատեսում է այս շաբաթ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել։ Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Կոնգրեսի աղբյուրներին։

Օրինագիծը պատժամիջոցներ է նախատեսում ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյայի՝ զինվորականների, դատավորների, քննիչների և բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք «ակտիվ դեր են խաղացել երկրում օրենքի գերակայության և մարդու իրավունքների խախտման գործում»։ Նրանց թվում են պաշտպանության նախարարության, գլխավոր դատախազության, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի, ներքին գործերի նախարարության, պետական ​​անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, պետական ​​սահմանային ծառայության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Օրինագիծը Բայդենի վարչակազմին կոչ է անելու 180 օրվա ընթացքում ԱՄՆ օրենսդրության, այդ թվում ՝ Մագնիտսկու գլոբալ օրենքի շրջանակում որոշում կայացնել նշված անձանց խմբի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:

Նման օրինագծի ընդունումը բացատրվում է «ընդդիմության նկատմամբ կառավարության դաժան բռնաճնշումներով և Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ լուրջ մտահոգությամբ»:

Օրինագիծը վերաբերում է նաև հայ բանտարկյալների իրավունքների խախտմանը։ Սա «լուրջ հարցականի տակ է դնում Ադրբեջանի կառավարության հավատարմությունը մարդու իրավունքներին և արդար ու կայուն խաղաղության շուրջ բանակցելու կարողությանը»,- ասվում է փաստաթղթում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print