Թբիլիսիում երեկ երեկոյան «օտարերկրյա գործակալների մասին» («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին») օրենքի դեմ բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանի մոտ, իսկ կեսգիշերին մոտ իրավիճակը լարվել է։
Ցուցարարները մի քանի անգամ փորձել են քանդել օրենսդիր շենքի մոտ տեղադրված արհեստական ցանկապատերը՝ ցանկանալով մոտենալ բեմին, որը տեղադրվել է այսօր՝ ապրիլի 29-ին, «Վրացական երազանք» կուսակցության նախատեսած հանրահավաքի համար, սակայն ոստիկանները կանխել են բեմին մոտենալու փորձերը, ինչից հետո իրավապահների ու ցուցարարների միջև բախումներ են սկսվել։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է Վրաստանի եվրոպական ինտեգրման հարցերով նախկին պետնախարար, Ռոնդելի հիմնադրամի ավագ գիտաշխատող Ալեքսի Պետրիաշվիլին։ Նա ձերբակալվել է մանր խուլիգանության և ոստիկանության պահանջներին չենթարկվելու համար:
Պետրիաշվիլին պետնախարարի պաշտոնը զբաղեցրել է 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի նոյեմբերը: