Մայիսի 1-ից Հայաստանում տարեցների հիշողության զարգացման խմբակներ կգործեն

ՀՀ առողջապահության նախարարության փորձնական ծրագրի շրջանակում մայիսի 1-ից Երևանի չորս դպրոցներում կսկսեն գործել տարեցների հիշողության զարգացման փորձարարական խմբակներ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց գերատեսչության հանրային առողջապահության բաժնի ավագ մասնագետ Քրիստինե Գալստյանը։

«Խմբակները նախատեսված են 55 և բարձր տարիքի անձանց համար։ Այդ տարիքում հիշողության խնդիրներ են սկսվում, զգալիորեն թուլանում են մարդկանց կոգնիտիվ հմտություններն ու կարողությունները», – ասաց Գալստյանը։

Տարեցների համար նոր ծրագիրը ներառում է հիշողության մարզումներ տարբեր մեթոդներով։ Մասնակիցներին կառաջարկվեն նեյրոբիկ վարժություններ և մնեմոտեխնիկա, որոնք օգնում են բարելավել բարդ տեղեկություններ հիշելու ունակությունը: Տարեցների հետ կաշխատեն փորձառու մասնագետները` ցուցադրելով արդյունավետ տեխնիկաներ։

Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նաև առողջ ապրելակերպին վերաբերող նյութեր կքննարկվեն, որոնք նպաստում են ճանաչողական գործառույթների ամրապնդմանը:

Գալստյանի խոսքով` սոցիալականացումը, ինչպես ցույց են տալիս բազմաթիվ ուսումնասիրությունները, առանցքային դեր է խաղում տարեցների մտավոր առողջության պահպանման գործում: Հաղորդակցությունը ոչ միայն խթանում է հիշողությունը, այլև դրական ազդեցություն է ունենում հոգեբանական ընդհանուր վիճակի վրա:

Գալստյանը հիշեցրեց նաև տարեցների ֆիզիկական ակտիվության ծրագրի մասին, որն առաջին անգամ իրականացվել է 2022 թվականին։ Այն ժամանակ ֆիզկուլտուրայի խմբակներ բացվեցին Երևանի 60 դպրոցներում, բայց ընդամենը մեկուկես ամիս գործեցին։ Այս տարվա ապրիլից ծրագիրը շարունակություն ստացավ. մայրաքաղաքի տասը դպրոցներում մշտական խմբակներ են բացվել 55-ից բարձր տարիքի անձանց համար:

Պարապմունքներն անցկացվում են շաբաթական երկու անգամ և տևում են մոտ մեկ ժամ: Նախաձեռնության նպատակն է բարելավել ավագ սերնդի կյանքի որակը, քանի որ մեծահասակներից շատերը հիմնականում կենտրոնանում են կենցաղային գործերի վրա և բավարար ուշադրություն չեն դարձնում իրենց ֆիզիկական և մտավոր առողջությանը:

Ծրագիրը կընդլայնվի և կսկսի գործել նաև մարզերում: Բացի այդ, նախատեսվում է ստեղծել համայնք, որը կօգնի տարեցներին ավելի ակտիվ մասնակցել սոցիալական կյանքին և կապ պահպանել արտաքին աշխարհի հետ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print