ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ Պետական եկամուտների կոմիտեում ներդրված նոր համակարգի միջոցով մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց արդեն վերադարձվում են ինքնաշխատ եղանակով, հետևաբար հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չկա:
«Ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումն իրականացվում է առցանց եղանակով։ Արդյունքում՝ հաշվեհամարի բացակայության պատճառով նախկինում չվերադարձված 20 534 ֆիզիկական անձի հաշվեհամարներին նոր համակարգի միջոցով արդեն իսկ փոխանցվել է ավելի քան 647,5 մլն դրամ վերադարձման ենթակա սոցիալական վճարի գումար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները վերադարձվում են այն ֆիզիկական անձանց, որոնք մի քանի գործատուների մոտ աշխատում են որպես վարձու աշխատող, կամ, միաժամանակ, հանդիսանում են վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր կամ նոտար ու նրանց համար հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարի ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված առավելագույն չափը։ Ի դեպ, երբ շահառուն ցանկանում է, որ գումարները փոխանցվեն իր նախընտրած վավեր հաշվեհամարին, ապա կարող է այցելել ՊԵԿ սպասարկման ցանկացած սրահ կամ հաշվեհամարը ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ Էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am հարթակի միջոցով: