Վերիշենում շինաշխատանքներ են ընթանում, Ներքին Հանդում էլ իրավիճակը հանգիստ է

Վերիշենի վարչական ղեկավարը նշել է, որ Կառավարությունը փոխհատուցել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծած պատերազմի հետևանքով վնասված տների վերականգնման գումարը։

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա տարբեր ուղղություններով ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով ամենաշատ վնասներ կրած գյուղերից մեկը Սյունիքի մարզի Վերիշեն գյուղն էր, որտեղ բազմաթիվ տներ էին վնասվել։ Այս պահին գյուղում վերականգնման  աշխատանքներ են ընթանում։ 168.am-ի հետ զրույցում փոխանցել է Վերիշենի վարչական ղեկավար Արտակ Զադայանը։

Վարչական ղեկավարի փոխանցմամբ Կառավարությունը փոխհատուցմամբ վնասված տների մի մասը վերականգնվել են, մյուսներն էլ վերականգնման ընթացքի մեջ են։

Պատերազմի օրերին Վերիշենի մոտավոր 12 ընտանիք ժամանակավորապես Գորիս էին տեղափոխվել: Այդ ընտանիքներից 5-ն անչափահաս երեխաներ ունեին։

«3-4 օր հետո բոլորն էլ գյուղ են վերադարձել, մնացածը գյուղում են եղել։ Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա առհասարակ անվտանգությունը նորմալ չէ, բայց այս պահին նորմալ է»,- նշել է Արտակ Զադայանը։

Խոսելով գյուղատնտեսական աշխատանքներ  կատարելու մասին, Վերիշենի վարչական ղեկավարը ընդգծել է, որ գյուղը վարելահողեր չունի, որպեսզի մարդիկ աշնանացան անեն։

«Մեր գյուղը բացարձակ վարելահող չունի, միայն խոտհարքներ են, Վերիշենը սակավահող է, առհասարակ հող չունի»,- շեշտեց Արտակ Զադայանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով Վերիշենում նաև խաղաղ բնակիչ էր վիրավորվել, ում աշխատանքային այցի շրջանակում տեսակցել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։

Սյունիքի մարզի Ներքին հանդ գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն էլ 168.am-ի հետ զրույցում փոխանցել է, որ տվյալ պահին գյուղում իրավիճակը հանգիստ է։

«Մարդիկ սպասում են, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքներն ավարտին հասցնեն, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տալիս, անձրևներ են»,- եզրափակեց Խաչատուր Բաղդասարյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print