ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի նախագծին։

«Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծով սահմանվում են ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները, գվարդիայի ծառայողների իրավունքներն ու պարտականությունները`ներառյալ նրանց կողմից ուժային միջոցներ կիրառելու դեպքերը, հիմքերը և համաչափության պայմանները, ինչպես նաև ոստիկանության գվարդիայի ծառայողների պատրաստման և վերապատրաստման առանձնահատկությունները։

«Ոստիկանության գվարդիան կգործի բացառապես քաղաքացիական կառավարման և խորհրդարանական վերահսկողության ներքո»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։

Ոստիկանության գվարդիան կլինի ՀՀ ոստիկանության կառուցվածքային միավոր՝ իր համապատասխան ստորաբաժանումներով:

Ոստիկանության գվարդիան կունենա անմիջական ենթակայության տարածքային ստորաբաժանումներ առնվազն ՀՀ երեք մարզերում (Լոռի, Շիրակ, Սյունիք, որոնք անհրաժեշտության դեպքում կսպասարկեն նաև հարակից մարզերը), ինչպես նաև պետական պահպանության և քրեական վարույթին ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումներ (Երևանում և մարզերում):

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print