ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2024 թվականին ընթացքում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում կիրականացնի «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը:
Ծրագրի գարնանային շրջափուլը կանցկացվի մայիսի 6-20-ը: Մայրաքաղաքի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ և Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցներում կիրականացվեն 10 հանդիպումներ, որոնց կմասնակցեն 10 արվեստագետ, շուրջ 900 աշակերտներ՝ 100 հանրակրթական դպրոցներից:
Առաջին հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին Անդրանիկ Մարգարյանի անվան 29 ավագ դպրոցում ՀՀ վաստակավոր մանկավարժ, արվեստագետ Կարինե Հարությունյանի մասնակցությամբ: Երաժշտական կատարումներով հանդես կգան դպրոցի սաները՝ հանրապետական և միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիրներ, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ Աիդա Ավանեսյանը և Սվետլանա Հակոբյանը:
Նախատեսվում է հանդիպումներն իրականացնել ինտերակտիվ ձևաչափով. երեխաները հնարավորություն կունենան ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև անմիջականորեն կդիտեն տվյալ արվեստագետի ներկայացումը, համերգային կատարումը, կմասնակցեն արվեստագետի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրությանը, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում կլինի հարցուպատասխանին նվիրված հատված, որը կնպաստի աշակերտ-արվեստագետ անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը:
Ծրագիրը կնպաստի երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանը և հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:
Նշենք, որ ծրագրի մասնակից արվեստագետների ընտրությունը կատարվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից:
Միջոցառումը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման «4.9 «Մշակույթ» բաժին «Մշակութային կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններ» դրույթներին և ընդգրկված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում: