Միայն խաղաղությունն է, որ կարող է երաշխավորել ՀՀ-ի անվտանգությունը, և մենք խաղաղության օրակարգը որդեգրում ենք, որդեգրել ենք որպես ՀՀ-ի անվտանգության ապահովման միջոց և իրագործում ենք որպես ՀՀ-ի անվտանգության երաշխավորման համակարգ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ շատ է քննարկվել, թե ինչ պետք է անել այն պայմաններում, երբ անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան:
«Նախկինում մեր պատկարացրած երաշխիքները չեն գործել: Մեր մոտեցումն այն է եղել, որ պետք է ստեղծենք այդ անվտանգության երաշխիքները, և ես ուզում եմ արձանագրել, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր ՀՀ-ում, հենց անվտանգության երաշխիքների ստեղծման գործընթաց է:
Սահմանային այն սյուները, որոնք տեղադրվում են Տավուշի մարզում, ՀՀ-ի անվտանգության երաշխիքների սյուներն են, և մենք ամեն ինչ անում ենք, և ամեն ինչ անելու ենք այդ երաշխիքների սյուներն ուժեղացնելու և շատացնելու ուղղությամբ»,- ասաց վարչապետը: