ԼՂ-ից տեղահանվածներին բնակարաններով ապահովելու լավ ծրագիր կա․ վարչապետ

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բնակարանային ապահովման ծրագրի հետ կապված պետք է ուրախությամբ ասեմ, որ մենք Կառավարության առաջիկա նիստերից մեկում կընդունենք ծրագիրը, և կարծում եմ՝ ստացել ենք բավականին լավ ծրագիր: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք որոշել ենք, որ երեք ուղղությամբ պետք է աջակցենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին. բնակարաններ կառուցելու հարցում, տներ ձեռք բերելու, և մենք կարևոր որոշում ենք կայացրել, որ, իհարկե, որոշակի սահմանափակումներով, որպեսզի սոցիալական ճիշտ բալանսավորումը չկորցնենք, նրանք ովքեր ունեն գործող հիփոթեքային վարկ, այսինքն՝ նախկինում բնակարան են ձեռք բերել, բայց վարկը մարված է, մենք աջակցություն կցուցաբերենք նաև նրանց: Մյուս ուղղությունն էլ կա. նաև ընտանիքներ և տարեց մարդիկ կան, որոնք օբյեկտիվորեն այս ծրագրերին մասնակցելու հնարավորություն չեն ունենա, այս ուղղության համար նաև սոցիալական բնակարանապահովման ծրագիր ենք մենք իրականացնում, որպեսզի նման կարգավիճակ ունեցող մարդիկ ունենան սոցիալական բնակարան և դա օգտագործեն. սա մի քիչ առանձին ուղղություն է և առանձին ճյուղ է: Եթե շատ ուղիղ ասեմ. խոսակցական լեզվով ասեմ՝ սոցիալական բնակարանաշինությունը վերաբերում է, որ մենք մարդկանց բնակարան պետք է տանք, որտեղ նրանք կապրեն, բայց դա իրենց սեփականությունը չի դառնա»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է մեկ անձին հատկացվող աջակցությանը, ապա վարչապետն ասաց. «Մենք նախատեսել ենք, որ աջակցության համար պետք է հատկացնենք 3 մլն դրամ, որը գործակիցներով ավելանալու է մինչև 5 մլն դրամ: Այսինքն՝ բազայինը 3 մլն դրամն է, բայց տարբեր բնակավայրերի գոտիականության հանգամանքների հետ է կապված. այսինքն՝ վեց հոգանոց ընտանիքը հնարավորություն կունենա ստանալ 30 մլն դրամի աջակցություն, և պարզ է, որ 30 մլն դրամը մի գումար է, որով կարելի է բնակարան ձեռք բերել»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print