Բրիտանական AstraZeneca դեղագործական ընկերությունը ամբողջ աշխարհում հանում է COVID-19-ի դեմ իր պատվաստանյութի վաճառքի եւ օգտագործման թույլտվությունը հազվադեպ կողմնակի ազդեցություններից տուժածների հետ դատավարության ֆոնին։ Ինչպես նշել է The Daily Telegraph թերթը, ընկերությունն այդ քայլը բացատրում է բացառապես կոմերցիոն նկատառումներով՝ կապված այն բանի հետ, որ դեղամիջոցը դադարել է պահանջված լինել։
Մարտի 5-ին ընկերության կայացրած որոշման համապատասխան՝ մայիսի 7-ից Vaxzevria պատվաստանյութն այլեւս չի վաճառվելու Մեծ Բրիտանիայում, ինչպես նաեւ այլ երկրներում։ Ընկերությունում նշել են, որ այլեւս չեն արտադրում եւ չեն վաճառում իրենց պատվաստանյութը, որը շուկայում դուրս են մղել այն դեղամիջոցները, որոնք ավելի մեծ արդյունավետություն ունեն եւ կարող են պաշտպանել վիրուսի նոր տեսակներից։
«Մենք շատ հպարտ ենք այն դերով, որը Vaxzevria-ն կատարեց գլոբալ համավարակի դեմ պայքարում։ Անկախ գնահատականների համաձայն՝ միայն դրա կիրառման առաջին տարում փրկվել է 6,5 մլն կյանք, իսկ ամբողջ աշխարհում առաքվել է ավելի քան 3 մլրդ չափաբաժին,- նշվել է ընկերության հայտարարությունում։- Քանի որ այդ ժամանակվանից ստեղծվել են դեղամիջոցներ COVID-19-ի բազմաթիվ տեսակների դեմ, կա թարմացված պատվաստանյութի ավելցուկ։ Դա հանգեցրել է Vaxzevria-ի պահանջարկի նվազման, որն այլեւս չի արտադրվում եւ չի վաճառվում»։
Անցած տարվանից բրիտանական դատարանում քննվում է հավաքական հայց AstraZeneca-ի դեմ այն մարդկանց ազգականների կողմից, որոնք մահացել կամ խիստ տուժել են կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո։ Առաջինը դատարան է դիմել Ջեյմի Սքոտը, որի մոտ պատվաստումից հետո 2021թ. ապրիլին, թրոմբի առաջացման պատճառով, տեղի է ունեցել ուղեղի արնազեղում, ինչը հանգեցրել է անշրջելի ախտահարման, բայց բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։ Իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչների խոսքով՝ հայցվորների թիվը կարող է հասնել մի քանի հարյուր մարդու, ինչը սպառնում է ընկերությանը բազմամիլիոնանոց վնասներով։ Դատարան ներկայացված փաստաթղթերում ընկերությունը խոստովանել է, որ պատվաստանյութի կիրառումը «խիստ հազվադեպ կարող է թրոմբոզ առաջացնել»՝ թրոմբոցիտոպենիայի ախտանշանով։
Ընկերությունը նշել է, որ այդ երեւույթի պատճառահետեւանքային մեխանիզմն առայժմ պարզ չէ, եւ թրոմբոզը «կարող է առաջանալ՝ անկախ AstraZeneca կամ ցանկացած այլ պատվաստանյութ ստանալուց»։