Տուգանքի բարձրացում՝ սահմանված առավելագույն քաշը գերազանցող բեռներ փոխադրելու համար

Այս պահի դրությամբ գործող կարգավորումների համաձայն թույլատրելի զանգվածը թե 1, թե 5 տոննայով գերազանցելու դեպքում պատասխանատվության միջոցը նույնն էԴանիելյան

Ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ մեքենաներով երթևեկելիս թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցելու դեպքում տուգանքի չափը կբարձրանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը:

Ներկայացնելով նախագիծը՝ Դանիելյանը նշել է, որ նախատեսվում է թույլատրելի զանգվածը գերազանցող ծանրաքաշ կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար սահմանված 200 հազար դրամ տուգանքի չափը փոխարինել և սահմանել մինչև 1 տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար 200 հազար դրամ տուգանք։

«Այս պահի դրությամբ գործող կարգավորումների համաձայն թույլատրելի զանգվածը թե 1, թե 5 տոննայով գերազանցելու դեպքում պատասխանատվության միջոցը նույնն է՝ չնայած ճանապարհին հասցվող վնասը անհամեմատ տարբեր է: Այս փոփոխության նպատակն է իրավախախտմանը և ճանապարհին հասցվող վնասին համաչափ պատասխանատվության միջոց կիրառել»,-նշել է Դանիելյանը։

Նախագիծը հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն և կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print