Մենք հանդես ենք եկել մեր տեսլականով՝ «Խաղաղության խաչմերուկով»․ ԱԳ նախարար

1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը և 1991-ին Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմանները պետք է լինեն երկու երկրների փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման ու սահմանի սահմանազատման գործընթացի հիմքերը: Խաղաղության պայմանագրում հենց այս սկզբունքի ամրագրմամբ և խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ դրվել երկարամյա հակամարտությանը և կայուն խաղաղություն, երկարատև խաղաղություն հաստատվել տարածաշրջանում: Այդ մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի բաղադրիչներին:

Ըստ Միրզոյանի՝ սկզբունքներից մեկն էլ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է:

«Մենք հանդես ենք եկել մեր տեսլականով՝ «Խաղաղության խաչմերուկով»: Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլև շահագրգռված ենք վերահաստատել տրանսպորտային հաղորդակցությունը, մասնավորապես՝ առաջին փուլում երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի հետ՝ հասկանալով, իհարկե, որ բոլոր ենթակառուցվածքները կմիանան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են, կգործեն այդ երկրների իրավազորության համաձայն, և, իհարկե, կարգավորումները կլինեն փոխադարձ հավասարության սկզբունքին համապատասխան»,- ասաց նախարարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print