Ռուսաստանը կաշխատի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և այլ երկրների միջև ազատ առևտրի գոտիների մասին համաձայնագրերի ցանցի ընդլայնման ուղղությամբ: Պետդումայի լիագումար նիստում այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետի պաշտոնի թեկնածու Ալեքսեյ Օվերչուկը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նիստում քննարկվում են կառավարության նոր կազմում փոխվարչապետների պաշտոնների համար վարչապետ Միխայիլ Միշուստինի առաջարկած թեկնածությունները:
«ԵԱՏՄ գործընկերների հետ կաշխատենք մեր ինտեգրացիոն եզրագծում նոր անդամ պետությունների ընդգրկման, ինչպես նաև ազատ առևտրի գոտիների մասին համաձայնագրերի ցանցի ընդլայնման ուղղությամբ»,- ասել է նա:
Օվերչուկի խոսքով՝ տնտեսական նոր իրականությունը նոր հնարավորություններ է ստեղծում ԱՊՀ երկրների զարգացման համար, և Ռուսաստանի կառավարությունը կաջակցի և կզարգացնի այդ ուղղությամբ համագործակցության ներուժը:
«Ինչպես նախատեսված է նախագահի ուղերձում, մենք նոր գլոբալ ճարտարապետություն կձևավորենք, որը ներառում է արդյունավետ և անվտանգ տրանսպորտային-լոգիստիկ միջանցքներ, քաղաքական միջամտությունից անկախ ֆինանսական համակարգ, որի շուրջ կմիավորվեն համաշխարհային մեծամասնության ջանքերը»,-ամփոփել է Օվերչուկը:
ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: