Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների երկկողմ ձևաչափը դրական է. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջին:

Բայրամովը դժգոհել է ԵԱՀԿ-ից, նշել, թե «Մինսկի խումբն իր գործունեության 30 տարիների ընթացքում ոչ մի ներդրում չի ունեցել հակամարտության լուծման գործում»։ Նրա խոսքով՝ կարիք չկա պահպանել այդ ինստիտուտը:

«Այսօր ԵԱՀԿ նախագահին տեղեկացրել եմ տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրողությունների մասին։ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների երկկողմ ձևաչափը դրական է։ Վերջին վեց ամսվա ընթացքում այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել։ Որպես դրական զարգացում կարող ենք նշել ապրիլին երկու երկրի միջև սահմանի մի հատվածում սահմանազատման գործընթացի մեկնարկը»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Նա հավելել է, որ փետրվարից վերսկսվել են ինտենսիվ բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Բայրամովը դրական է գնահատել նաև Ալմաթիում Արարատ Միրզոյանի հետ վերջին բանակցությունները, սակայն չի մանրամասնել դրանց բովանդակությունը:

Իեն Բորջն իր հերթին նշել է, որ ակնկալում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի որ թե՛ Միրզոյանից, թե՛ Բայրամովից դրական ազդակներ են ստացել։

«Հուսով ենք, որ շուտով կողմերի միջև ձեռք կբերվի համապարփակ և կայուն խաղաղության համաձայնություն»,- ասել է Բորջը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print