Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցների և նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Ըստ այդմ՝ նախարարը կարող է միակողմանի կարգով հաստատել և ընդունել պետական բյուջեի վրա ուղղակի ազդեցություն ունեցող և լրացուցիչ ծախսեր առաջացնող այնպիսի իրավական ակտեր, որոնք կարող են հանգեցնել բյուջետային գործընթացներում քննարկված և հաստատված բյուջետային հատկացումների սահմանաչափերի գերազանցմանը, լրացուցիչ նոր պարտավորությունների ստանձնմանը՝ առաջացնելով ֆիսկալ ռիսկեր: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 14-ի նիստում:
Քննարկվել է ««Հանրակրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նման խնդիրներից խուսափելու և պետական բյուջեի ծախսերի կանխատեսելիությունը մեծացնելու նպատակով Կառավարությունն առաջարկում է հանրակրթության ոլորտում պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների և նորմատիվների, ինչպես նաև ֆինանսավորման կարգերի հաստատման լիազորությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարի լիազորությունների տիրույթից տեղափոխել Կառավարության լիազորությունների տիրույթ:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
««Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը Կառավարության առաջարկով հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով: