Սահմանափակումներ տեսալսողական մեդիաների գործունեության նկատմամբ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ներկայացրել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Ժողովուրդ-ի փոխանցմամբ՝ պատգամավորը փոփոխությունը hիմնավորում է՝ նշելով, թե «Գովազդի մասին» օրենքով արգելված կամ սահմանափակված է խաղային բիզնեսը գովազդելը (օնլայն եւ ոչ օնլայն կազինոներ, բուքմեյքերներ, վիճակախաղեր, շահումով խաղեր, ինտերնետ շահումով խաղեր եւ այլն): Այսինքն շահումով խաղերի եւ վիճակախաղերի համար օրենսդիրը սահմանել է գովազդային էական սահմանափակումներ:

Պապոյանը նշել է, որ գործող օրենսդրությունը թույլ է տալիս ունենալ տեսալսողական մեդիա միջոցներ, որոնց անվանումները կարող են նույնական կամ շփոթության աստիճան նման լինել գովազդի մասին օրենքով սահմանափակումների ենթարկված շահումով խաղերի (ինտերնետ շահումով խաղերի) եւ վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների անվանումների կամ ապրանքային նշանների հետ: Այսինքն սա հնարավորություն է տալիս ունենալ ռադիո կամ հեռուստաալիքներ, որոնց անվանումները մարդկանց մոտ կարող են ասոցացվել խաղային բիզնեսի հետ՝ ըստ էության դառնալով անուղղակի գովազդ:

Բացի այդ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2020 թվականի օգոստոսի 7-ին, որով սահմանվել են նոր կարգավորումներ տեսալսողական մեդիա դաշտի համար, ինչպես նաև սահմանվել են նոր հասկացություններ, որոնք արտացոլված չեն «Գովազդի մասին» օրենքի  տեսալսողական մեդիային վերաբերող իրավադրույթներում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print