Բրիտանական Anglo-Asian Mining PLC ընկերությունը, որն արդյունահանում է Ադրբեջանում ոսկի, արծաթ և պղինձ, բանակցություններ է սկսել Ադրբեջանի կառավարության հետ՝ օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում հանքավայրերին հասանելիություն ստանալու համար, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
«Ադրբեջանը վերականգնեց Ղարաբաղի նկատմամբ լիակատար ինքնիշխանությունը 2023 թվականին, և ռուս խաղաղապահները վերջերս լքեցին այդ տարածքը։ Ընկերությանը դեռևս թույլ չի տրվել մուտք գործել Ղարաբաղում գտնվող իր պայմանագրային տարածքները: Այնուամենայնիվ, կառավարության հետ նախնական բանակցություններ են սկսվել պայմանագրային տարածքներում գտնվող ակտիվների հասանելիության և արդյունահանում սկսելու վերաբերյալ»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Anglo-Asian Mining PLC-ը նշում է, որ «Դեմիրլիի (Կաշեն) պղնձամոլիբդենային հանքավայրը խոստումնալից նախագիծ է»:
«Anglo-Asian Mining-ը սկսել է ստանալ և հավաքել տարբեր փաստաթղթեր՝ կապված Ղարաբաղում իր պայմանագրային տարածքների ակտիվների հետ, և տեխնիկական խումբը վերջերս այցելել է Դեմիրլիի (Կաշեն) վերամշակման գործարան», – նշում է ընկերությունը:
PSA տիպի պայմանագրի համաձայն՝ Anglo Asian Mining Plc-ին է պատկանում Ադրբեջանում 8 պայմանագրային տարածքների շահագործման իրավունքը, այդ թվում՝ օկուպացված Արցախի Հանրապետությունում Դրմբոնի ոսկու և Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրերի նկատմամբ։
Պայմանագիրը կնքվել է 1997 թվականի օգոստոսի 21-ին։ Պայմանագրում Ադրբեջանի մասնաբաժինը կազմում է 51%, Anglo Asian Mining PLC-ինը՝ 49%: