Oragir.News-ն անդրադարձել էր Ադրբեջանում ծավալվող «բնապահպանական մտահոգություններին», որոնք իհարկե ուղղված են Հայաստանի դեմ։
Թեման զարգանում է, և ադրբեջանական մամուլը սկսել է ինտենսիվ լուսաբանել Հայաստանի տարածքում գտնվող հանքավայրերի շահագործման «ապօրինությունը»։
Այսպես, Environmental Protection First (EPF) «ոչ կառավարական» դաշինք կոչված միավորումը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հանքա-հումքային պաշարները» քարտեզը, որը կազմված է ադրբեջաներեն, անգլերեն և․․․ հայերեն լեզուներով։ «Քարտեզի հիմնական նպատակը Հայաստանի հանքարդյունաբերության նեգատիվ հետևանքների բացահայտումն է։ Մեր ուսումնասիրությունները միանշանակ ցույց են տալիս, որ Հայաստանը միտումնավոր է Ադրբեջանի հետ սահմանակից գոտիներում տեղակայել իր հանքարդյունաբերող ձեռնարկությունները, որպեսզի առավելագույնս վնասի Քուռ և Արաքս գետերի ջրային ցանցը, ինչպես, օրինակ, Օխչուչայ գետը», հայտարարել է քարտեզի հեղինակ Մուգաբիլ Բայրամովը։
Հարկ է նշել, որ «Օխչուչայ» ասվածը Ողջի գետին է վերաբերում, որը պատկանելով Արաքսի ավազանին, «կեղտոտում է» թե՛ Արաքսը, թե՛ Քուռը, և թե՛ Կասպից ծովը։
«Հայաստանը պարտավոր էր, համաձայն Էսպոյի Կոնվենցիայի պահանջների, անդրսահմանային գոտում հանքարդյունաբերական գործունեություն ծավալելու համար թույլտվություն ստանալ Ադրբեջանից, ինչը չի արել։ Հայաստանի կառավարությունը և արտերկրի շահագործող ընկերությունները չեն տրամադրում շրջակա միջավայրին հասցվող վնասները գնահատող փաստաթղթերը։ Մենք պահանջում ենք գաղտնազերծել այդ փաստաթղթերը, հակառակ դեպքում մեր պետությունն այս ուղղությամբ անելիքներ ունի», այսպիսի բազմանշանակ հայտարարություն է արել, ինչպես պետք է հասկանալ, ոչ այնքան հասարակ քարտեզագիր Բայրամովը։
Ընդհանրապես, EFP-ում «հասարակ» գիտնականներ և հանրային գործիչներ չեն հավաքվել։ Նրանց ժողովը պարզապես մասնագիտական քննարկում չէ, որովհետև արծարծում են նաև քաղաքական հարցեր։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է օկուպացված Արցախում նախկինում գործունեության ծավալած հայկական արդյունահանող ընկերությունների պատճառած վնասին, դրա հաշվարկներին, և ընդգծվում է այդ հանքավայրերի «իրական» օգտագործողների շահերի «ոտնահարումը»։
Դեռևս 2022 թվականի Շուշիի «գործողությունից» հայտնի է, որ ադրբեջանական «բնապահպաններն» իրականում որևէ կարևոր գործողության համար հող նախապատրաստողի դեր են կատարում։ Այսօր նման հաղորդագրություն է տարածվել․ «Բրիտանական Anglo-Asian Mining ընկերությունը, որը Ադրբեջանում ոսկի, արծաթ և պղինձ է արդյունահանում, բանակցություններ է սկսել կառավարության հետ՝ Ղարաբաղի տնտեսական շրջանում գտնվող իր պայմանագրային տարածքներ մուտք գործելու և արդյունահանում իրականացնելու համար»։ Այդ հայտարարությունը հաջորդել է EPF-ի կողմից քարտեզների հրապարակմանը, դրա միջոցով Հայաստանի ուղղությամբ բնապահպանական և ֆինանսական վնասների պատճառման հայտարարություններին։ Եվ, քանի որ Anglo-Asian Mining-ը գործունեություն է ծավալելու Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում, ուստի EPF-ն իր գործունեության առաջին փուլում ապահովել է այս բրիտանական կոնգլոմերատի «մուտքը»։
Հաջորդիվ EPF-ն ձեռնամուխ կլինի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ընկերությունների «ճշգրտմանը»։
Տիգրան Աթանեսյան