Տրանսպորտում Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Երևան քաղաքի բնակիչ Ս.Վ.-ի կողմից ԱԺ պատգամավոր Հ.Ասլանյանին վիրավորելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը խոչընդոտելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ:

Մասնավորապես, քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի հիշյալ բնակիչը, հասարակական տրանսպորտում թույլ տալով հակահասարակական վարքագիծ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել երկրի ղեկավարության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասցեին՝ հրահրելով ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք:

Մասնավորապես՝ 2024 թվականի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Վ.-ն թիվ 42 երթուղային ավտոբուսում մոտենալով նույն ավտոբուսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հ.Ասլանյանին, տեսագրելով, այնուհետև համացանցում տարածելու նպատակով միացնելով բջջային հեռախոսի տեսախցիկը, այն ուղղել է դեպի Հ.Ասլանյանը և քաղաքական հայացքներով պայմանավորված՝ անպարկեշտ արտահայտություններով ստորացնելով վերջինիս, ինչպես նաև համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հակադրվելով և անտեսելով հանրային տրանսպորտում գտնվող անձանց՝ վիճաբանությունը դադարեցնելու հորդորները, խախտել է այդ անձանց անդորրը և շարունակել վիճաբանությունը նաև իրեն դիտողություն արած անձանց հետ՝ արդարացնելով իր գործողությունները:

Ստեղծված իրավիճակի պատճառով երթուղային ավտոբուսի վարորդը ստիպված դադարեցրել է երթևեկությունը և պահանջել, որպեսզի վիճաբանողները դուրս գան երթուղայինից:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ դեռևս 2023թ. ապրիլին Ս.Վ.-ն, համացանցի տարբեր հարթակներում ուղիղ եթերով հեռարձակված հաղորդման ժամանակ, պատմել է, որ մի օր պատահաբար հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հ.Ասլանյանին, ում նկատմամբ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, որից հետո իրենց միջև սկսվել է խոսակցություն: Այնուհետև, երբ Հ.Ասլանյանը բարձրացել է երթուղային ավտոբուս, ինքը երթուղային ավտոբուսի մեջ գտնվող անձանց բարձրաձայն ասել է, որ նշված անձը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հ.Ասլանյանն է՝ քաղաքական հայացքներով պայմանավորված թիրախավորելով վերջինիս:

Նկատի ունենալով, որ վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ, նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն կատարելու նպատակով, միացվել է վերոհիշյալ՝ խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ս.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցությամբ 7.000.000 ՀՀ դրամի չափով գրավի:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print