Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է կարգի այն դրույթին, ըստ որի՝ ուսումնական տարվա ընթացքում, անկախ պատճառից, 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում սանն ազատվում է մանկապարտեզից:
ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկման արդյունքում որոշվել է փոփոխություն կատարել «Նախադպրոցական հաստատությունների սաների ընդունելության» կարգում։ Տեղեկատվությունը փոխանցում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությանը։
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ առողջապահական հաստատության կողմից տրված տեղեկանքի առկայության դեպքում սաների բացակայությունների հաշվարկում չի ներառվելու այդ ժամանակահատվածը: Այսինքն` նոր փոփոխությամբ 75 աշխատանքային օրվան կգումարվեն նաև առողջապահական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիմքով բացակայության օրերը, որոնց համար, սակայն, ևս կսահմանվի առավելագույն ժամկետ:
Նախագծի հեղինակ ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ նախադպրոցական հաստատությունների տեղերը բավարար չեն բոլոր երեխաներին ընդունելու համար: Շատ երեխաներ այս պահին հերթագրված են և սպասում են նախադպրոցական հաստատություն հաճախելու իրենց հերթին:
«Ստեղծվում է իրավիճակ, երբ նախադպրոցական ծառայության մեջ ընդգրկված երեխաները փաստացի չեն հաճախում մանկապարտեզ այն դեպքում, երբ կան երեխաներ, որոնք հերթում սպասում են և չեն կարողանում ընդգրկվել: Տվյալ պարագայում հիվանդության հիմքով կամ որևէ այլ պատճառով չհաճախելու դեպքում տրված էր համընդհանուր կարգավորում: Այժմ այլ մոտեցում ենք ցուցաբերելու` հաշվի առնելով բացակայության պատճառը»,- պարզաբանել է վարչության պետը: