ԵՄ երկրները մտադիր են հունիսի 25-ին սկսել պաշտոնական բանակցություններ Մոլդովայի և Ուկրաինայի՝ միությանն անդամակցելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Politico թերթը՝ եվրոպացի հինգ դիվանագետներին հղումով:
Ըստ պարբերականի տեղեկության՝ միության անդամ երկրներն այդ մտադրության մասին հայտարարել էին դեռև 2023 թվականի դեկտեմբերին, սակայն որոշումը հետաձգվել էր Հունգարիայի անհամաձայնության և այն մտավախության պատճառով, որ ԵՄ ընդլայնման հարցը կարող է առանցքային թեմա դառնալ հունիսի 6-9-ը կայանալիք՝ Եվրախորհրդարանի ընտրության ժամանակ։
Միաժամանակ ԵՄ-ն մի քանի խիստ պայման է առաջադրել անդամակցության բանակցությունների պաշտոնական մեկնարկի համար։ Եվրամիությունը բազմիցս խոստովանել է, որ նման որոշումը հիմնականում խորհրդանշական էր, նպատակն է աջակցել Կիևին և Քիշնևին Մոսկվային դիմակայելու համար։
ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակը, ինչպես նաև բանակցությունների սկիզբը չի նշանակում, որ երկիրը պետք է պարտադիր անդամակցի Եվրամիությանը։ Թեկնածուի կարգավիճակ ստանալը ԵՄ-ին միանալու բավականին երկար ճանապարհի միայն սկիզբն է։ Թուրքիան թեկնածուի կարգավիճակում է 1999 թվականից և ԵՄ-ի հետ անդամակցության բանակցություններ է վարում 2005 թվականից, Հյուսիսային Մակեդոնիան թեկնածու է 2005 թվականից, Չեռնոգորիան՝ 2010 թվականից, Սերբիան՝ 2012 թվականից։ Խորվաթիան վերջին երկիրն էր, որը միացավ ԵՄ-ին 2013 թվականին. գործընթացը տևել է 10 տարի: