Այսօր ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակն է: Ազնավուրը ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ»՝ Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին։
Ազնավուրը համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։
Ազնավուրն իր երաժշտական կարիերայի ընթացքում ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով: Հեղինակել ու համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն: 1995 թվականից ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում: 2008 թվականին Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է եղել, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
2024 թվականի մայիսի 20-ից ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը: Հուշադրամի դիմերեսին Շառլ Ազնավուրի Գյումրիի հուշարձանն է, իսկ դարձերեսին` նրա դիմապատկերը։