Արցախի ապագան՝ առանց ՌԴ երաշխավորության, կասկածի տակ եմ տեսնում․ Հարությունյան

Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ներդրումը պատերազմը կագնեցնելու հարցում և հետպատերազմյան երկու տարիներին  խաղաղապահ առաքելության նշանակությունը Արցախի վերականգնման գործընթացում՝  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատկերացնում  Արցախի ապագան առանց Ռուսաստանի Դաշնության ներկայության:

Արմենպրես-ի փոխանցմամբ՝ Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ընթացքում  նախագահ Հարությունյանը կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը որպես Արցախի անկախության ու ինքնորոշման իրավունքի երաշխավոր:

«Կարող է հարց առաջանալ այն մասին, որ պարբերաբար Հայաստանի և Արցախի իշխանությունները հայտարարում էին՝  Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսանում է Հայաստանը, սակայն  կոնֆլիկտն արդեն Հայաստան-Ադրբեջան, կամ Արցախ-Ադրբեջան հարց չէ: Այստեղ, ցավոք, արդեն վաղուց կոնֆլիկտը շատ ավելի խորը հիմքեր ունի»,-նշել է նախագահը:

Հարցազրույցի ընթացքում Հարությունյանը նշել է, որ շատ ավելի վստահելի այլ երաշխիքներ է ակնկալում Ռուսաստանի Դաշնության կողմից: Ողջունելով միջազգային հանրության ակտիվությունը, ինչպես նաև կարևորելով Ադրբեջանի հետ Արցախի հետագա բանակցություններում կամ հարաբերություններում միջազգային հանրության ներկայությունը, այդուհանդերջ նախագահ Հարությունյանն ընդգծել է․ «Ուզում եմ ուղիղ ասել` ես Արցախի ապագան՝ առանց ՌԴ երաշխավորության, կասկածի տակ եմ տեսնում»:

Հարցին, թե ինչ է սպասվում 3 տարի անց, երբ լրանա ՌԴ խաղաղապահ զորակազմի՝ Արցախում գտնվելու ժամկետը, Հարությունյանը պատասխանել է․ «Չեմ կարող ասել, թե ինչ ճանապարհով է լինելու՝ խաղաղապահ առաքելության ժամկետի երկարացման, թե այլ ձևաչափով․․․ինձ թվում է Ռուսաստանի ղեկավարությունն արդեն որոշ ժամանակ հետո դրա մասին կհայտարարի»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print