Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել՝
- 1 անշարժ գույք Երևանի կենտրոնում, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ 181 մլն 125 հազար դրամ.
- ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գտնվող բնակելի տարածքը, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի ձեռքբերման արժեքը՝ 2 մլն 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 940 մլն 909 հազար դրամ.
- 255 մլն 454 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
- 172 մլն 486 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2004-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի և/կամ հնարավոր չէ նույնականացնել՝ բռնագանձումը տարածելով նաև համատեղ կյանքի ընթացքում Լ.Գ.-ի անվամբ առևտրային բանկերում առկա դրամական միջոցների, գույքերի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ: