Սահմանազատման այս գործընթացի արդյունքում ՀՀ-ի ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր չի թողնվել ուրիշին․ Փաշինյան

Զիջումների մասին խոսակցությունը համարում եմ առավելապես անընդունելի, որովհետև եթե վերարտադրվում է ՀՀ պետական սահմանը, դե յուրե գոյություն ունեցող սահմանը, դա զիջում անվանելը առնվազն տրամաբանական չէ: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի մտահոգությանը, թե վերջին շրջանում շատ է խոսվում միակողմանի զիջումների մասին:

«Dա ես կանվանեի առնվազն հաջողություն, որովհետև ՀՀ-ն իր պատմության մեջ առաջին անգամ ինքնուրույն բանակցային եղանակով ձևավորում է սահման, ստեղծում է, վերարտադրում է սահման և դնում է Հայաստանի ինքնիշխանության, պետականության, անկախության հետագա զարգացման համար կարևորագույն անկյունաքար:

Ինչո՞ւ եմ ասում, որ մենք վերարտադրում ենք սահմանը, որովհետև 1991 թվականին, ըստ էության, Ալմա Աթայի հռչակագրին միանալով կամ Մինսկի համաձայնագրի՝ Ալմա Աթայի արձանագրությունը ստորագրելով՝ ՀՀ-ն ևս մեկ անգամ ինքնահայտարարագրել է, որ ինքը անկախ պետություն ստանում է Երրորդ հանրապետության, այսինքն՝ Խորհրդային Հայաստանի տարածքով, Խորհրդային Հայաստանի սահմաններով, և Ալմա Աթայի հռչակագրով արձանագրվել է սահմանների անխախտելիությունը:

1991 թվականի դրությամբ դե յուրե գոյություն են ունեցել ՀԽՍՀ-ի և ԱԽՍՀ-ի միջև սահմաններ, և մենք այս ընթացքում աշխատել ենք, բարձրացրել ենք այդ սահմանի գոյության բոլոր դե յուրե հիմքերը, համոզվել ենք, որ մենք գիտենք, թե ՀՀ-ի իրավական սահմանը որտեղով է անցնում, և վերարտադրել ենք գետնի վրա այդ սահմանը՝ որդեգրելով (այլընտրանք էլ չկա) «սահմանը անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը:

Ուզում եմ ընդգծել, որ սահմանազատման այս գործընթացի արդյունքում ՀՀ-ի ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր չի թողնվել ուրիշին: ՀՀ-ի ինքնիշխան տարածքն ամբողջությամբ արձանագրված է սահմանազատվող հատվածներով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print