Կառավարության 2020 թ. փետրվարի 13-ի թիվ 171-Ն որոշման մեջ լրացումներ կլինեն։ Գործադիրն այն երեկվա նիստում հավանության է արժանացրել չզեկուցվող հարցերի շարքում։ Ինչպես տեղեկանում ենք ֆինանսների նախարարությունից ծխախոտային արտադրանքի գլանակների, հեղուկ քարթրիջների, էլեկտրոնային սիգարետներ եւ համանման անհատական էլեկտրոնային գոլորշիացնող սարքավորումների` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստան ներմուծելու դեպքերում առեւտրային չափաքանակներ է սահմանելու:
Խնդիրն այն է, որ (լրատվությունը բացառապես ֆինանսների նախարարությանն է,- Ա. Մ.) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից խնդրո առարկա ապրանքներն առանց հարկեր վճարելու անսահմանափակ քանակով կարող են ԵԱՏՄ-ից ներմուծվել Հայաստան, «ինչը կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների նվազման եւ անհավասար մրցակցային պայմանների ստեղծման»:
Այժմ առաջարկվում է ծխախոտային արտադրանքի գլանակների, հեղուկ քարթրիջների, էլեկտրոնային սիգարետների եւ համանման անհատական էլեկտրոնային գոլորշիացնող սարքավորումների՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ-ից մեր երկիր ներմուծելու դեպքում սահմանել առեւտրային չափաքանակներ: Այդ չափաքանակները գերազանցելու դեպքում գերազանցող մասը չի համարվելու անձնական օգտագործման ապրանքներ եւ ենթակա է լինելու հարկման:
Որոշումն ուժի մեջ կմտնի այս տարվա դեկտեմբերի 1-ից։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։