Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ։
ԱԺ աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հետևողականորեն հնչող հայատյաց հռետորաբանությանը, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձմանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային՝ կողմերն արձանագրել են, որ հակամարտության կարգավորման հարցը բանակցությունների սեղանից կրկին փորձ է արվել տեղափոխել ռազմական դաշտ՝ վերածելով լայնածավալ ագրեսիայի Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ: Անդրեյ Կովաչևը նկատել է, որ սա այն դեպքը չէ, երբ հավասարապես պետք է կողմերին կոչ անել կրակի դադարեցման վերաբերյալ:
«Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, բնականաբար, Մարս մոլորակից չեն ներխուժել Հայաստանի տարածք»,- հավելել է նա:
Ալեն Սիմոնյանն էլ նշել է, որ Հայաստանը վաղուց և բազմիցս զգուշացրել է Ադրբեջանի կողմից նոր պատերազմի մասին։
«Միջազգային գործընկերներից մենք ակնկալում ենք Ադրբեջանի գործողությունները դատապարտող հասցեական հայտարարություններ»,-նշել է Սիմոնյանը։ Վերջինս ընդգծել է, որ բարձր է գնահատում Եվրամիության շարունակական միջնորդական ջանքերը, ԵՄ դիտորդական առաքելության ժամանումը հայ-ադրբեջանական սահման: