ՄԻՊ-ն այցելել է Ներքին Հանդ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակում սահմանամերձ Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի և բնակիչների հետ քննարկել է մարդկանց իրավունքներին վերաբերվող և հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր, հայտնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից։

Մասնավորապես, անդրադարձել են բնակիչների զբաղվածության ապահովմանը, նոր կառուցվող ջրագծին, ինչպես նաև գերեզմանատանը, եկեղեցուն հասանելիություն ունենալու հետ կապված և մի շարք այլ հարցերին:

«Քաղաքացիները պաշտպանին մտահոգություններ են հայտնել, որ ադրբեջանական զինվորականների ներկայության հետևանքով շարունակում են խախտվել նրանց անվտանգ պայմաներում ապրելու, սեփականության իրավունքները, խոչընդոտված են ընտանիքների եկամտի հիմնական աղբյուրը հանդիսացող անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունները»,–ասված է հաղորդագրության մեջ։

Անահիտ Մանասյանը վստահեցրել է բնակիչներին, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի առաջնային ուղղություններից է: Նաև խոստացել է, որ մանդատի շրջանակում անելու է առավելագույնը բարձրացված հարցերին հրատապ լուծում տալու նպատակով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print