Հայաստանի համար պայքարը շարունակվում է. «Հայաստանի Հանրապետություն»

Տարածաշրջանային կարեւոր հանգույցի՝ Հայաստանի, իսկ ավելի կոնկրետ՝ Արցախ-Սյունիք հատվածների նկատմամբ վերահսկողության համար պայքարը թեւակոխել է հերթական փուլ։ Եթե 2020-ից՝ Արցախյան պատերազմից հետո Արցախում ներկայություն ապահովեցին Ռուսաստանն ու Թուրքիան, ապա Ադրբեջանի պարբերական բնույթ կրող հարձակումներից եւ ՀՀ ինքնիշխան տարածքներն ու ռազմավարական բարձունքները բռնազավթելուց հետո «խաղի» մեջ են մտնում նաեւ միջնորդական տարբեր հարթակներ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր մանդատն ու անելիքները, սակայն խնդիրն այն է, որ որքան շատ են «խաղացողները», այնքան բարդանում է Հայաստանի շահի պաշտպանությունը։ Մյուս կողմից՝ ցանկացած մարտահրավեր նաեւ հնարավորություններ է ենթադրում։ Եթե այլ պետությունների համար մեր տարածքը հետաքրքիր է կարեւոր հաղորդակցային ուղիների վրա ազդեցություն ունենալու համար, ապա այդ նույն գործիքը կարող է եւ պետք է ծառայեցնել մեր շահերին ու անվտանգային միջավայրի ապահովմանը։

Բազմիցս նշել ենք, որ խաղաղության հաստատմանն ուղղված միակ գործուն քայլը Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ներուժի միջև հավասարակշռության հաստատումն է։ Այլ միջոցները՝ դիտորդականից մինչեւ հումանիտար, քաղաքական-դիվանագիտականից մինչև տնտեսական, դատապարտված են ձախողման կամ լավագույն դեպքում կարող են Ադրբեջանի ռազմական ագրեսիան զսպել կարճաժամկետ կտրվածքով և կրկին Հայաստանի ու հայության անվտանգության հաշվին։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ստացել է Ադրբեջանում թուրք զինվորականների մանդատը մեկ տարով երկարաձգելու մասին օրենքի նախագիծը։ Փաստաթղթում ասվում է, որ Աղդամի՝ ռուս-թուրքական մոնիթորինգային համատեղ կենտրոնում «թուրք զինվորականների պահպանումը տարածաշրջանում և ազգային շահերում Թուրքիայի արդյունավետ և կառուցողական դերի պահանջն է»։ Թուրքիան ձգտում է հասնել տարածաշրջանում զինված ուժերի միանձնյա ներկայության։ Այդ համատեքստում պետք է դիտարկել սոցիալական հարթակներում խրախուսվող տրամադրություններն ու Ադրբեջանում ՌԴ դեսպանատան դիմաց պարբերաբար իրականացվող բողոքի ցույցերը, որոնք պահանջում են Արցախից հեռացնել ռուսական խաղաղապահ առաքելությունը։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print