Հայ-ռուսական առևտրային հարաբերություններում ընդհատումներ չկան․ Օվերչուկ

Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրում որևէ ընդհատում չկա։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Բացարձակապես ոչ մի ընդհատում չկա։ Վերին Լարսը նորմալ է աշխատում։ Ամեն ինչ նորմալ է առևտրի, տնտեսության մեջ»,-ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Հիշեցնենք՝ մայիսի 26-ին տեղատարափ անձրևից հետո փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը։

Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրել է նաև, որ Հայաստանի պատվիրակությունը ներկա կգտնվի Եվրասիական միջկառավարական խորհրդին:

«Հունիսի 3-4-ը, այո, կլինի Եվրասիական միջկառավարական խորհուրդը, այնտեղ կլինի հայկական պատվիրակությունը»,- ասել է Օվերչուկը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա հունիսի 3-4-ը Մինսկում:

ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print