Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը և հարակից պղնձի հանքը չեն տուժել Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևներից հետո առաջացած հեղեղներից։ Այդուհանդերձ, նրանք չեն կարողանում դուրս բերել արտադրանքը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կոմբինատի գլխավոր ինժեներ Դավիթ Աբգարյանը։
Ախթալայի կոմբինատը շահագործում է պղնձի հանքը քաղաքից 8 կմ հեռավորության վրա՝ Շամլուղ գյուղի մոտակայքում (հանքում և կոմբինատում աշխատում է մոտ 500 մարդ): Աբգարյանը նշեց, որ այդ ստորգետնյա հանքը, բարեբախտաբար, չի հեղեղվել, ճանապարհները նույնպես նորմալ վիճակում են մնացել։
Հանքաքարը հնարավոր է տեղափոխել կոմբինատ, քանի որ Շամլուղն ու Ախթալան գտնվում են Դեբեդ գետի մի կողմում, և փլուզված կամուրջը հատելու կարիք չկա։ Այժմ 2 բնակավայրերն էլ կտրված են Հայաստանի հիմնական ճանապարհային ցանցից։
«Այսինքն` առայժմ մենք չենք կարող ո՛չ արտադրանք ուղարկել (պղնձի խտանյութ), ո՛չ էլ նյութական մատակարարում ստանալ հանքի և կոմբինատի աշխատանքի համար։ Հույս ունենք, որ շուտով կվերականգնվեն ճանապարհները»,– ասաց Աբգարյանը։
Նշենք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը հանքաքար չի արդյունահանում համանուն հանքավայրից, որը շահագործվել է մինչև 1988 թվականը: 2001 թվականին կոմբինատի վերագործարկումից ի վեր օգտագործվում է Շամլուղի հանքաքարը։