Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում հայ բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդի նկատմամբ և արժանացել չեմպիոնի կոչմանը։
ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ Անի Հովսեփյանն առաջնության քառորդ եզրափակչում ավելի վաղ հաղթանակ էր տարել հունգարացի Ռեգինա Լակոսի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 5։0 հաշվով առավելության էր հասել Չեռնոգորիայի ներկայացուցիչ Թամարա Ռադունովիչի նկատմամբ:
Հայաստանն ավելի վաղ նաև երկու բրոնզե մեդալ էր նվաճել Եվրոպայի առաջնությունում։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել էին 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան և 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը։
Հավելենք, որ հայ բռնցքամարտիկները պատմության մեջ առաջին անգամ են մեդալներ նվաճում բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում։