Նռնակով բանկ ներխուժած անձը կալանավորվել է․ ՔԿ

Աբովյան քաղաքում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող 49-ամյա տղամարդը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Քննչական գործողությունների փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2024թ․ մայիսի 25–ին՝ ժամը 16։25–ի սահմաններում, 49–ամյա տղամարդը, ահաբեկչություն կատարելու դիտավորությամբ, մուտք է գործել ՀՀ-ում գործող բանկերից մեկի՝ Աբովյան քաղաքում տեղակայված մասնաճյուղ։

«Այնտեղ գտնվող բանկի աշխատակիցներին, ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցին և հաճախորդներին ահաբեկելու, ինչպես նաև բանկի աշխատակիցներին իր պահանջները կատարելուն հարկադրելու նպատակով, նա ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ պահվող «Ֆ–1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակը բերել է մարտական վիճակի՝ ստեղծելով պայթյուն կատարելու իրական սպառնալիք։ Տեղում գտնվող անձանց կյանքից զրկելու վտանգ ստեղծելով՝ նա զավթել և պահել է բանկի մասնաճյուղի շենքը՝ պահանջելով հրավիրել լրագրողներ»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում։

Սակայն անվտանգության ազդանշանի միանալու արդյունքում դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներ։ 49-ամյա տղամարդու հետ բանակցությունների արդյունքում, ժամը 17։54–ին, տղամարդը իրավապահներին է հանձնել մարտական նռնակը, վնասազերծվել և ձերբակալվել։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 49–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին մասով (ահաբեկչություն, որ պատժվում է ազատազրկմամբ՝ 8-12 տարի ժամկետով) և 335–րդ հոդվածի 1–ին մասով (ապօրինի կերպով պայթուցիկ սարք ձեռք բերելը և պահելը)։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ՝ մայիսի 25-ին հայտնել էինք, որ նռնակով զինված մի տղամարդ ներխուժել է բանկ և սպառնացել, որ կպայթեցնի այն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print