Մանվել Փարամազյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չինաստան

Մայիսի 17-21-ը չինական կողմի հրավերով տեղի է ունեցել ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի գլխավորած պատվիրակության այցը ՉԺՀ Հեյլունծիան նահանգի կենտրոն՝ Հարբին քաղաք։ Այս մասին տեղեկանում ենք համայնքապետարանի մամուլի ծառայությունից։

Այցի ընթացքում պատվիրակությանն ընդունել է Հարբին քաղաքի ժողովրդական կառավարության քաղաքապետ՝ Վան Խեշենը։ Իր խոսքում վերջինս ցանկություն է հայտնել խորացնել Քաջարան քաղաքի հետ նոր ձևավորվող հարաբերությունները՝ առաջարկելով ստեղծել մշտական կապ, նպաստել տարբեր ոլորտներով համագործակցությանը, կազմակերպել պարբերական այցեր։

Հանդիպման ավարտին ստորագրվել է «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան և Հարբին քաղաքի համայնքապետարանի և ՉԺՀ Հեյլունծիան նահանգի Հարբին քաղաքի ժողովրդական կառավարության միջև փոխըմբռնման և համագործակցության մասին» հուշագիրը։

Այցի շրջանակներում պատվիրակությունը ծանոթացել է 10 միլիոն բնակչություն ունեցող Հարբինի քաղաքային տնտեսությանը, մշակույթին և զարգացման ոլորտներին, այցելել Հարբինի 33-րդ միջազգային առևտրատնտեսական տոնավաճառ, Տնտեսական և տեխնոլոգիական զարգացման ու առանցքային ձեռնարկությունների հարբինյան գոտի և այլ վայրեր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print