Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում մայիսի 31-ին Չինաստանի Շանհայ քաղաքից Երևան է հասել առաջին բեռնատարը՝ անցնելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքներով։ Չինաստանից Հայաստան բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին բեռնատարի դիմավորման միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովը, Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը։
«Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշտապես կարևորվել են տրանսպորտային փոխկապակցվածության և տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ գործադրվող ջանքերը»,- այս մասին նշել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից՝ անդրադառնալով միջոցառման կարևորությանը և Հայաստանի համար «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նշանակությանը:
Նախարարությունից նաև հավելել են, որ համապատասխան մեխանիզմներ մշակվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:
«Հիշյալ ուղղությամբ պրակտիկ քայլերը, կառուցողական ջանքերը ՀՀ կառավարության համար խրախուսելի են: Կարևորում ենք դրանց շարունակականության ապահովումը: Ընկերությունը (խմբ․ Gold Way) իրականացրել է նոր երթուղով բեռնափոխադրում, որը միանշանակ ողջունելի է»,- նշել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից՝ հավելելով, որ այս կապակցությամբ ընկերությունը միջոցառմանը հրավիրել է ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների:
Բեռնափոխադրումն իրականացրած կազմակերպության հիմնադիր տնօրեն Արմեն Սահակյանն իր խոսքում նշել է, որ ընկերությունը երկար փնտրտուքներից հետո կարողացել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում Չինաստանից Հայաստան ցամաքային բեռնափոխադրումների գործընթաց կազմակերպել։
«Այս բեռը եկել է Չինաստանի Շանհայ քաղաքից, որտեղ մեքենան բեռնվում է, և հասցվում է չինական Խարգոս քաղաք, որը Ղազախստանի հետ սահմանային անցումային կետ է։ Խարգոսում բեռը վերաբեռնվել է այս ղազախական մեքենայի մեջ, կատարվել են բոլոր մաքսային ձևակերպումները, որից հետո բեռնատարը դուրս է եկել երթուղի։ Բեռնատարը մինչև Երևան է եկել ցամաքային տարբերակով՝ անցնելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքներով։ Բեռը բոլոր նշված երկրների տարածքներում անցել է համապատասխան մաքսային և անցումային կետերը․ խնդիրներ եղել են, բայց դրանք լուծվել են, և 20-22 օրում այս բեռը Շանհայից հասել է Երևան առանց լուրջ խոչընդոտների»,- տեղեկացրել է նա։