Ծրագիրը, որ դրել ենք սեղանին, հնարավոր է, որ մարդիկ լինեն, որ չկարողանան օբյեկտիվ պատճառներով մասնակցել, այդ աջակցությունը ստանալ, բնակարան ձեռք բերել կամ կառուցել, ուստի կա նաև սոցիալական բնակարանի առանձին բաղադրիչ: Այդ մասին 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման շրջանակում ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի առաջարկին, թե ՀՀ-ում չբնակեցված ինչ բնակտարածքներ կան, որոնք կարելի է տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:
«Այս պահի դրությամբ շուրջ 7 տարբեր համայնքներում գտնվող տարբեր շենքեր հիմա առանձնացրել ենք, նախագծա-նախահաշվարկային գործընթացները կանենք և կսկսենք ակտիվ վերանորոգման վերակառուցման աշխատանքները, որտեղ մենք կկարողանանք 1000-ից ավելի՝ նմանատիպ կարգավիճակ ունեցող մարդկանց հյուրընկալել՝ որպես սոցիալական բնակարանի շահառու, ապա դրանից հետո կսկսենք ուսումնասիրություն նաև այլ շենքերի, կկարողանանք արդեն ընդլայնել, որովհետև 1000-ից ավելի կլինեն այդ շահառուները:
Հիմա ցանկը մենք շրջանառել ենք ՏԿԵՆ-ի միջոցով մարզպետարանններ, 70-ից ավելի շենք-շինությունների ցանկ ենք ստացել, կֆիլտրենք, որ հասկանանք»,- ասաց նախարարը:
Նարեկ Մկրտչյանը նաև պարզաբանեց՝ խոսքը ոչ թե չբնակեցված բնակարանների մասին է, այլ տարբեր շինությունների, որոնք հնարավոր է վերափոխել սոցիալական բնակարանների:
«Բնակարանային ապահովության ծրագիրը մենք արդեն հաստատել ենք Կառավարության ծրագրով, լայնածավալ իրազեկման գործընթաց է ընթանում»,- ասաց նա և հավելեց, որ մինչև հունիսի 15-ը պետք է կատարվի կարգի հաստատում, որից հետո կսկսվեն աշխատանքներ:
«Ծրագրի շահառու կարող են լինել բացառապես ՀՀ քաղաքացիները»,- տեղեկացրեց նախարարը: