▶ԶՊՄԿ-ն ապահովում է պետբյուջեով պաշտպանությանն ուղղված ծախսերի կեսից ավելին․ Վարդան Ջհանյան

ԶՊՄԿ-ն ապահովում է պետբյուջեով պաշտպանությանն ուղղված ծախսերի կեսից ավելին։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը․

«ԶՊՄԿ-ն այս տարի ավելի շատ հարկ կվճարի, քան 2001 թվականին ՀՀ ամբողջ հավաքագրված հարկերն էին։ Այս տարվա երրորդ եռամսյակում աննախադեպ ցուցանիշ ենք գրանցել՝ մոտ 129 միլիարդ դրամի հարկային մուտք պետբյուջե, 300 տոկոսով ավելի, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Կոմբինատն այս տարվա արդյունքով կարող է ապահովել պետբյուջեից վճարվող աշխատավարձերի ամբողջ չափը։ Այս արդյունքին հասել ենք երկու գործոնի շնորհիվ՝ համաշխարհային շուկայում մետաղների գների աճ 2021-ին և այս տարվա առաջին եռամսյակում։ Երկրորդ գործոնը ընդամենը մեկ տարի առաջ նշանակված նոր ղեկավարության աշխատանքն է, որը քայլեր է անում արդյունավետությունը բարձրացնելու համար։ Բնականաբար դրա շնորհիվ աճում է շահույթը և վճարվող հարկերը։ Բժիշկը, ուսուցիչը, սպան կարող է իր աշխատավարձի աճից զգալ կոմբինատի ավելի արդյունավետ աշխատանքը»,-նշել է Ջհանյանը։

Դիտարկմանը, թե արդյոք ռիսկային չէ Սյունիքում ներդրումներ կատարելը, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալն արձագանքել է, որ ռիսկային է, սակայն դա իրենց չի կաշկանդում։ Ընդհակառակը նոր ներդրումներով նվազեցնում են ռիսկի գործոնը, նպաստում են Սյունիքի պաշտպանունակության ամրապնդմանը։ Օրինակ 2021-ին պետբյուջեից պաշտպանությանն ուղղված ծախսերը 319 միլիարդ դրամ են եղել, ԶՊՄԿ-ն փաստացի որպես հարկ ապահովել է դրա կեսից ավելին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print