Մոսկվան վերահաստատում է Երևանի և Բաքվի հաշտեցմանը աջակցելու պատրաստակամությունը։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Ռուսական կողմը դրական է գնահատում մայիսի 10-11-ը Ղազախստանում կայացած հանդիպումը խաղաղության պայմանագրի մշակման շուրջ:
«Դրա անցկացումը կողմերին հնարավորություն տվեց առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ճանապարհին։ Այս ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ է արվել։ Մոսկվան արդեն երկու անգամ՝ 2023 թվականի մայիսին և հուլիսին, ընդունել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունների փուլերը։ Պատրաստ ենք այսուհետ ևս ամենայն աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցմանը, նպաստել փոխընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանը՝ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու նպատակով։
Կարևոր է, որ Աստանայի նման հանդիպումներն ընթանում են 2020-2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների հունով, որոնք, բացի խաղաղության պայմանագրի կնքումից, նախատեսում են Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, համատեղ սահմանի դելիմիտացիա, քաղաքացիական հասարակությունների գծով շփումների զարգացում», – հավելել է Գալուզինը: