Հայաստանում խաղային կազմակերպիչը 5 մլն դրամից ավելի շահման դեպքում պետական բյուջե պետք է վճարի 10 տոկոս եկամտային հարկ: Խաղային գործունեության կարգավորման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
Սահմանվում է «խոշոր շահում» հասկացությունը, որ 5 մլն դրամը գերազանցող շահումն է: Առաջարկվում է 5 մլն դրամը գերազանցող շահման դեպքում սահմանել 10 տոկոս եկամտային հարկ:
ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ խաղային ոլորտը հիմա էլ կարգավորված է, պատշաճ հարկման դաշտում է: «Այս նախագծով մենք կարգավորում ենք բուն շահումների հարկումը, որոնք գործող Հարկային օրենսգրքով համարվում են նվազեցվող եկամուտ և չեն հարկվում»,–ասաց Բադասյանը: