ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցությանը։ Նրա խոսքով՝ հումանիտար և սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ 39 մլրդ դրամ, որը, սակայն, ցուցաբերված աջակցության միայն այն մասն է․
«Կարող ենք փաստել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման հարցում կառավարության արձագանքը եղել է արագ և համակարգված»,- ասել է նա։
Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ առաջիկայում ԼՂ-ից տեղահանվածների համար բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագիր կմեկնարկի։ Աջակցության շահառու կլինեն նրանք, որոնք մտադիր են Հայաստանում երկարատև բնակություն հաստատել․ պարտադիր պայմաններից է լինելու շահառու ընտանիքի բոլոր անդամների՝ Հայաստանի քաղաքացի լինելը։ Ծրագրային աջակցություն կլինի 3 հիմնական ուղղությամբ՝ բնակարանի գնում, տան կառուցում կամ անցյալում գնված բնակարանի հիփոթեքի մարում։ Բնակարանի գնման կամ տան կառուցման համար յուրաքանչյուր մարդու հաշվով կտրամադրվի 3, 4 կամ 5 մլն դրամ աջակցություն։
Տիգրան Խաչատրյանը չի բացառել հավանականությունը, որ 2025թ․ հունվարից 1-ից վարձակալության ծախսերի աջակցությունը կարող է դադարել աշխատունակ տարիքի անձանց համար, ու օգնությունը կհասցեագրվի առավելապես երեխաներին, հաշմանդամներին ու թոշակառուներին։