Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2024–ի վերջին գնաճը կլինի 1.5–1.7 տոկոսի միջակայքում:
Այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խորհրդարանում ԿԲ–ի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը:
«2024 թվականի անցած 5 ամիսների ընթացքում Հայաստանում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է: 2024–ի մայիսին 12–ամսյա գնաճը կազմել է 0.3 տոկոս, ինչը զգալիորեն ցածր է մեր միջնաժամկետ նպատակային ցուցանիշից»,–ասաց ԿԲ նախագահը:
Գալստյանը դա հիմնականում պայմանավորեց արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցություններով: Ներմուծված պարենային ապրանքները գները նվազել են:
12–ամսյա բնականոն գնաճը դեռևս գտնվում է բացասական տիրույթում:
Նվազել է արտաքին պահանջարկի հետ կապ ունեցող ծառայությունների գնաճը՝ արտահայտելով արտաքին պահանջարկի աճի դանդաղման միտումները: Մինչդեռ արտագնա զբոսաշրջության հետ կապված ծառայությունների՝ այդ թվում օդային տրանսպորտի և միջազգային հանգստի կազմակերպման ծառայությունների գնաճը շարունակում է պահպանվել բարձր մակարդակում:
«Դրամավարկային քաղաքականության ծրագրում ներկայացվող սցենարների համաձայն՝ 2024–ի կարճաժամկետ հորիզոնում գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում: Տարեվերջին գնաճը կլինի 1.5–1.7 տոկոսի միջակայքում»,–ասաց ԿԲ նախագահը: