ՄԱԿ-ի աշխատանքային խմբերին ներկայացվել են ՀՀ-ում իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումները

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը Վիեննայում մասնակցել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների կոնֆերանսի կիրարկման վերանայման, ակտիվների վերականգնման և Միջազգային համագործակցության հարցերով աշխատանքային խմբերի հանդիպումներին։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Լառա Պետրոսյանը համաժողովին հանդես է եկել որպես բանախոս և ներկայացրել է Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի կիրարկմանն ուղղված Հայաստանում իրականացված լայնածավալ հակակոռուպցիոն բարեփոխումները։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչն անդրադարձել է միջազգային մոնիթորինգային մեխանիզմների կարևորությանը և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ պատշաճ իրականացնելու ստանձնած միջազգային պարտավորությունները։

Լառա Պետրոսյանը ներկայացրել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի կիրարկման մեխանիզմի 2-րդ փուլի շրջանակում դիտարկվող թեմաների և թեմատիկ հաջորդականության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու առաջարկները՝ ընդգծելով գնահատման զեկույցի արդիական լինելու և պետությունում իրականացված վերջին բարեփոխումները պատշաճ արտացոլելու անհրաժեշտությունը։

ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի կիրարկման ընթացքի վերանայման մեխանիզմի 1-ին փուլի 1-ին շրջափուլի շրջանակում գնահատվել են ՀՀ կողմից Կոնվենցիայի 3-րդ (քրեականացումը և իրավապահ գործունեությունը) և 4-րդ (միջազգային համագործակցությունը) գլուխների դրույթների կատարումը։ 2-րդ շրջափուլի շրջանակում գնահատվել է Կոնվենցիայի 2-րդ (կանխարգելման միջոցներ) և 5-րդ (ակտիվները վերադարձնելու միջոցները) գլուխների կատարումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print