Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արևելքում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 96,1 հազար մարդ բնակչությամբ Քաշմեր քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք, 10 կմ խորության վրա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ IRNA գործակալությունը հաղորդում է, որ երկրաշարժի էպիկենտրոն Քաշմար քաղաքի մոտակա գյուղերից մեկում երկու ընտանիք հայտնվել է փլատակներում։ Փրկարարներն աշխատում են նրանց դուրս բերելու ուղղությամբ։
Ըստ տեղի իշխանությունների՝ Քաշմարում փլուզվել են մի քանի շենքերի ճակատային հատվածներ, որի հետևանքով 2 մարդ է զոհվել։ Tasnim գործակալությունը հաղորդում է 50 տուժածի մասին։ Ըստ գործակալության հրապարակման՝ նահանգի մի քանի բնակավայրերում որոշ բնակիչներ դեռ փլատակներում են․ շտապօգնության խմբերն աշխատում են նրանց փրկելու ուղղությամբ:
Իրանական լրատվամիջոցները նշում են, որ 5 մագնիտուդով երկրաշարժի օջախը գտնվել է 6 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Քաշմար քաղաքում և հարևան բնակավայրերում։ Իսկ ըստ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի՝ երկրաշարժը եղել է 4,9 մագնիտուդով, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։