Վիրավորները դուրս են գրվել հոսպիտալներից․ «Հրապարակ»

Առողջապահության նախարարությունը չի հրապարակում թիվը, թե սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի հարձակման հետեւանքով քանի վիրավոր զինծառայող ունենք։ Նախարար Անահիտ Ավանեսյանը մեզ ասաց՝ դա պաշտպանության նախարարության գործառույթն է, իրենք նման թվեր չեն հրապարակում, եւ հավելեց․ «Հիվանդանոցային բուժում ստացող արդեն իսկ չունենք, միայն վերականգնողական բժշկական օգնության մասով է, եւ, իհարկե, հաջորդիվ ունենալու ենք էտապային բժշկական օգնության կարիք»։

Թվերի մասով դիմեցինք ՊՆ-ին։ Նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը մեզ փոխանցեց թարմացված տվյալներ, թե քանի վիրավոր զինծառայող ունենք, եւ նրանցից քանիսն է այս պահին բուժում ստանում։ Ըստ այդմ՝ սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորվել է 293 զինծառայող։

«Վիրավոր զինծառայողներից 71-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 130-ը բուժումն ավարտել է ու գտնվում է վերականգնողական արձակուրդում։ Այս պահի դրությամբ հոսպիտալներում չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր»,- ասաց Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 5-ին, ՊՆ մամուլի քարտուղարը հայտնել էր վիրավոր զինծառայողներից 61-ի՝ բուժումն ավարտելու եւ 40-ի՝ դուրս գրվելուց հետո վերականգնողական արձակուրդում գտնվելու մասին։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print