Կապանում մինչև տարեվերջ ՌԴ գլխավոր հյուպատոսություն կբացվի

Մոսկվան առաջիկայում ակնկալում է Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացել։ Այդ մասին ռուսական ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Եվգենի Իվանովը։ 

«Հայաստանում և Մալդիվներում գլխավոր հյուպատոսություններ բացելու վերաբերյալ կարգադրություններ են արվել։ Այժմ Ինդոնեզիայի Բալի կղզում կբացվի գլխավոր հյուպատոսություն։ Այդ ուղղությամբ հիմա աշխատում ենք։  Ընդհանուր առմամբ, դա բավականին մեծ կազմակերպչական-տեխնիկական աշխատանք է»,- նշել է ռուսաստանցի պաշտոնյան։ 

Հայաստանում գլխավոր հյուպատոսության բացման մոտավոր ժամկետների մասին ճշտող հարցին դիվանագետը նշել է, որ այն սպասվում է «մոտ ժամանակներս»: «Ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը:

Իվանովը նաև հիշեցրել է ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «աֆրիկյան մի շարք երկրներում» ռուսական դիվանագիտական նոր ներկայացուցչությունների բացման վերաբերյալ հայտարարած ծրագրերի մասին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print