Վարչապետի աշխատակազմը առաջարկում է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ
Վարչապետի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է․
«Վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստանի Հանրապետության ՊՆ ստորաբաժանումների կողմից տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է բոլոր այդ մեղադրանքները, Ադրբեջանը շարունակում է այդօրինակ տեղեկատվության տարածումը:
Ի շարունակություն Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ սույն թվականի հունիսի 15-ին արված հայտարարության և ելնելով նրանից, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կամքն է՝ թույլ չտալ լարվածության առաջացում՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել նշված մեխանիզմի գործնականացման աշխատանքները»: