ԵՄ-ն հաստատել է պատժամիջոցների 14-րդ փաթեթը, որը, ըստ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի, կանդրադառնա ռազմարդյունաբերական համալիրի, ֆինանսական և էներգետիկ ոլորտների, ինչպես նաև պատժամիջոցների շրջանցման վրա և կներառի նոր անձնական սահմանափակումներ, տեղեկացնում է ТАСС-ը։
Պատժամիջոցների փաթեթը ներառել է 61 ընկերություն Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, ԱՄԷ-ից և Թուրքիայից: Նրանց դեմ երկակի նշանակության տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումներ են մտցվել։
14-րդ փաթեթի շրջանակում սահմանափակումներ են մտցվել Ռուսաստանի 116 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբ։ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել 27 լցանավի դեմ, որոնք տեղափոխում են ռուսական նավթ և նավթամթերք՝ անկախ G7-ի գնային առաստաղից։
ԵՄ-ն ավիաընկերություններին արգելել է չարտերներ և մասնավոր թռիչքներ իրականացնել ամբողջ աշխարհում՝ Ռուսաստանից ֆիզիկական և իրավաբանական անձանց պատվերով: Եվրոպական ընկերություններից պահանջում են հետևել, որ երրորդ երկրներում իրենց «դուստր» ձեռնարկությունները չշրջանցեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: